Գլխավոր Ավելին

Նոյեմբերի 12-ը՝ թոքաբորբի դեմ պայքարի օր. հիվանդության տեսակներից մինչև ռիսկի գործոններ և ախտանիշներ

Ամեն տարի նոյեմբերի 12-ը նշվում է որպես թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր (World Pneumonia Day): Օրացույցում այդ օրը հայտնվել է մանկական թոքաբորբի դեմ պայքարի Համաշխարհային միավորման առաջարկությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը թոքաբորբի, ինչպես նաև վերջինիս կանխարգելման և բուժման միջոցառումների ձեռնարկման մասին: Չնայած թոքաբորբի բուժման մեջ ձեռք բերված հաջողություններին, այն համարվում է ծանր հիվանդություն:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր թերապիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Զինաիդա Ջնդոյանը նշում է, որ ներկայումս թոքաբորբը բավական լայն տարածում ունեցող հիվանդություններից է` աճող հիվանդացությամբ և մահացությամբ:

COVID-19 համավարակի ընթացքում թոքաբորբը մահացության բարձր ցուցանիշի գլխավոր պատճառն է: Մեկ տարվա ընթացքում թոքաբորբով հիվանդանում է 450 մլն մարդ, որից 7 միլիոնը մահանում է, իսկ մինչև 5 տարեկան երեխաների դեպքում մահերի քանակը կազմում է 1,4 միլիոնից ավելի: Ներկայացնում ենք բժշկի դիտարկումները այս հիվանդության մասին:

Թոքաբորբը (պնևմոնիա) թոքի գերազանցապես շնչառական հատվածի` բրոնխիոլների, ալվեոլյար ուղիների, ալվեոլների, ինչպես նաև ինտերստիցիալ հյուսվածքի ոչ սպեցիֆիկ սուր վարակային բորբոքում է:

Դասակարգմամբ տարբերում են.

Արտահիվանդանոցային թոքաբորբեր. զարգանում են ստացիոնարից դուրս` «տնային» պայմաններում, և ամենաշատ տարածված տեսակն են:

Ներհիվանդանոցային թոքաբորբեր. զարգանում են ոչ շուտ, քան հիվանդանոց ընդունվելուց 48-72 ժամ հետո: Սրանք 10-15% են, սակայն մահացությունը 30-50% է, որոնց հիմնական հարուցիչը գրամ բացասական միկրոֆլորան է:

Ատիպիկ թոքաբորբերն առաջանում են ներբջջային հարուցիչներով:

Թոքաբորբեր, որոնք առաջանում են իմունադեֆիցիտային վիճակներով մարդկանց շրջանում: Երիտասարդների շրջանում թոքաբորբն առաջանում է որևէ հարուցիչով (մոնովարակ), իսկ մեծահասակների շրջանում, հատկապես ուղեկցող հիվանդություններով համակցված, թոքաբորբի պատճառ հաճախ են դառնում մանրէային կամ վիրուս-մանրէային ասոցիացիաները:

Բացի վարակային գործոնից, թոքաբորբերի զարգացմանը կարող են նպաստել ռիսկի գործոնները, որոնք ժամանակավորապես կամ մշտական նվազեցնում են պաշտպանական համակարգի ֆունկցիան, օրգանիզմի ոչ սպեցիֆիկ կամ սպեցիֆիկ դիմադրողականությունը:

Ռիսկի գործոններ են`
տարիքը (մանուկներ և տարեց մարդիկ),
թոքերի, սրտի, երիկամների, աղեստամոքսային ուղու քրոնիկական հիվան-դությունները,
իմունոդեֆիցիտային վիճակները (բնածին և ձեռքբերովի),
ծխելը,
ցուրտը,
ճանապարհորդությունները,
շնչառական վիրուսային վարակը և այլն:

Անկախ պատճառագիտական և ախտաբանական առանձնահատկություններից` սուր թոքաբորբերին բնորոշ են` 

ինտոքսիկացիոն համախտանիշը (ընդհանուր թուլություն, գլխացավ, մկանացավ, հևոց, սրտխփոց),
ընդհանուր բնույթի բորբոքային փոփոխությունների համախտանիշը (դող, սարսուռ, ջերմության բարձրացում, քրտնարտադրություն, լեյկոցիտոզ, ԷՆԱ-ի արագացում, ֆիբրինոգենի, C-ռեակտիվ սպիտակուցի բարձրացում),
շնչառական համակարգի ախտահարման համախտանիշը (հազ, խորխար-տադրություն,): Այնուամենայնիվ, յուրաքանչյուր թոքաբորբ, ըստ պատճառագիտության, ունի իր յուրահատուկ կլինիկական պատկերը և ախտածագումը:

Թոքաբորբից մահացության բարձր ցուցանիշի մեջ դեր ունի հակաբիոտիկների չհիմնավորված նշանակումը և ինքնաբուժումը, որը բերում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության, ինչն այսօր մեծ խնդիր է առողջապահական ոլորտում: Մեր երկրում չվերահսկվող և չկարգավորվող հակաբիոտիկների նշանակումը բերել է հակաբիոտիկների նկատմամբ կայուն շտամների առաջացմանը և զարգացմանը, որն իր հերթին դժվարացնում է թոքաբորբի բուժման ընթացքը:

Այդ իսկ պատճառով հորդորում ենք բնակչությանը չզբաղվել ինքնաբուժությամբ և դիմել բժշկի առաջին իսկ ախտանիշների դեպքում:

×
facebook sharing button facebook